BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Գավաթային երկու և չեմպիոնական մեկ խաղ

Գավաթային երկու և  չեմպիոնական մեկ խաղ
20.05.2014 | 11:53

Վերնագիրը միգուցե և փոքր-ինչ կատեգորիկ է հնչում, սակայն բնավ էլ չի նշանակում, թե եվրոպական ֆուտբոլային գերտերություններում լոկ ստորև հիշատակվելիք խաղերն են տեղի ունեցել: Պարզապես դրանք եղել են առավել նշանակալիները:

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Ինչպես և մեկ տարի անց, Դորտմունդի «Բորուսիայի» հետ գավաթային խաղում Մյունխենի «Բավարիան» նորից հաղթանակ տոնեց: Փոքր-ինչ ավելի վաղ, իսկ ավելի կոնկրետ՝ դեռևս ապրիլ ամսին, բավարացիները հաղթել էին նաև երկրի առաջնությունում: Եթե մի պահ վերացարկվենք նրանից, որ գավաթային ու չեմպիոնական այս դուբլը մյունխենցիներն անում են երկրորդ տարին անընդմեջ, ինչն ինքնին բացառիկ երևույթ է, սկզբունքորեն կարող ենք ասել՝ լեգենդար «Արարատի» նույնքան լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի պես Խոսեպ Գվարդիոլան էլ կարող էր ասել՝ գավաթը պետք էր ոսկե մեդալները մեջը պահելու համար: Կարող էր ասել, բայց նման կերպ մտածելու համար Աստված պիտի կամենա, որ մի քիչ էլ հայի մտածողության տեսակից ունենաս, մի քիչ հայ լինես, իսկ Գվարդիոլան, որքան էլ սիրենք ու գնահատենք նրան, հավուր պատշաճը մատուցենք, գիտեք, հայ չէ: Ինչ վերաբերում է մնացած մանր-մունր բաներին, թե գերմանական ֆուտբոլի հետ մենք որոշակի առնչություններ, այդուհանդերձ, ունենք, խնդրում եմ, մականունի մակարդակով փաստն աչքս չկոխեք, քանզի մեծ ֆուտբոլում այն գործոն չէ: Դրա համար ուրիշ բան է պետք, որի գիտակցմանը մեր ֆուտբոլը հարկավ կգա, իսկ թե երբ, թողեք դառնամ «Հարսնացու հյուսիսից» ֆիլմի Սերոբ ու ասեմ. «Մուրա՛դ, խեղդում ես»:
Դառնալով հանդիպմանը՝ այն իսկապես գեղեցիկ էր, ու հայտնի պատճառով որքան էլ սիրենք «Բորուսիային», «ցավենք» նրա համար, գնահատենք Յուրգեն Կլոպի մարզչական տաղանդը, այդուհանդերձ պիտի ստիպված լինենք ընդունելու, որ կոնկրետ խաղում Պեպը պարզապես «կերավ» նրան: «Կերավ» տակտիկապես՝ նշանավոր «տիկ-տակը» ժամանակ առ ժամանակ զուգորդելով պաշտպանությունից խաղը կառուցելու մարտավարությանը, երբ անհրաժեշտը պարտադրում էր` մասամբ հրաժարվելով գնդակին տոտալ տիրապետելու գաղափարաբանությունից: Սա, ըստ էության, որակապես նոր ֆուտբոլ էր, ինչ-որ տեղ Գվարդիոլայի ձեռագրին ոչ բնութագրական: Գոնե մինչ այս խաղը: Բայց ո՞վ է ասել, որ ունեցածդ մոդեռնացնելը նշանակում է հրաժարում դավանածից: Չխորանանք: Մանավանդ որ այդ ամենի մասին ամփոփ ու պատկերավոր կարող են խոսել մեզնից շատ ու շատ ավելի լուսավոր գլուխները, իսկ նրանց հացը եկեք չկտրենք, թեկուզ զուտ նրա համար, որ ուրիշի հացը փախցնելը վատ բան է:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Թեպետ երկուստեք դարպասը գրավելու շանսեր ունեցան, իսկ «Բորուսիան» մեկ անգամ այն նույնիսկ գրավեց: Անկեղծ ասած, ես չգիտեմ՝ ակնհայտը չտեսնելու բեռով խաղի մրցավարն ինչպես է ապրելու, բայց փաստը մնում է փաստ՝ հաշվեր Ֆլորիան Մայերը Հումելսի խփած գոլը, էապես կարող էր փոխվել ամեն ինչ: Կարող էր փոխվել, սակայն դրա փոխարեն եղավ հանդիպման լրացուցիչ խաղակեսի 107-րդ րոպեի գոլն Արիեն Ռոբենի կատարմամբ, իսկ լրացուցիչին հավելված ժամանակին Մյուլլերի գոլը վերջակետեց չափազանց հետաքրքիր, լարված դիմակայությունը, որը «Բավարիային» բերեց ակումբի պատմության մեջ թվով տասնյոթերորդ գավաթը:
Ավարտենք: Ընթացիկ մրցաշրջանում սա կողմերի չորրորդ հանդիպումն էր: Անցած տարվա հունիսի 27-ին Գերմանիայի սուպերգավաթի խաղում «Բորուսիան» հաղթեց 4:2 հաշվով: Նոյեմբերի 23-ին երկրի առաջնության խաղում մյունխենցիները նույն «Սիգնալ Իդունա Պարկում» ապտակին ապտակով պատասխանեցին՝ հաղթելով 3:0 հաշվով: Արդեն այս տարվա ապրիլի 12-ին «Ալյանց-Արենայում» դորտմունդցիները այդ 3:0-ն «լվացին» նույն 3:0-ով ¥եթե հիշում եք, այդ խաղում գոլի հեղինակ դարձավ նաև Հենրիխ Մխիթարյանը¤: Եվ, վերջապես, այս չորրորդը, որի մասին արդեն վերը քիչ թե շատ հանգամանալից խոսեցինք:

ԻՆԸ ՏԱՐԻ ԱՆՑ
Անգլիայի գավաթի եզրափակչում հանդիպումը «Հալ Սիթիի» հետ ինը տարվա ընդմիջումից հետո «Արսենալի» համար փայլուն հնարավորություն էր վերստին այն նվաճելու: Ի դեպ, այն ժամանակ գավաթը նվաճվեց «Մանչեստր Յունայթեդի» հետ դիմակայությունում (հանդիպման թե՛ հիմնական, թե՛ լրացուցիչ ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, խաղի ելքը որոշել են հետխաղյա տասնմեկմետրանոցները):
Խաղասկիզբը բացառիկ անհաջող եղավ «Արսենալի» համար: Արդեն ութերորդ րոպեին մրցակիցը, որն իր երկարամյա պատմության մեջ առաջին անգամ էր հասել եզրափակիչ, հաղթում էր 2:0 հաշվով: Արսեն Վենգերի սաները հաշվի հավասարակշռությունը կարողացան վերականգնել միայն խաղի 71-րդ րոպեին, սակայն ուժեղագույնին որոշելու համար եղավ լրացուցիչ խաղակեսերի անհրաժեշտություն: Հաղթական գոլը գրանցվեց հանդիպման 109-րդ րոպեին: Ռեմսիի գոլի շնորհիվ «Արսենալը» տասնմեկերորդ անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր: Սա ինչ-որ տեղ մխիթարություն էր թիմի երկրպագուների համար, որոնք այս մրցաշրջանում իրենց սիրելիներից շատ ավելի լավ մասնակցություն էին ակնկալում ներքին առաջնությունում, ու չորրորդ տեղը բնավ էլ նրանց երազանքների գագաթնակետը չէր:

ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԻ ԱՆՑ
Իսպանական պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում երկրի չեմպիոնության համար պայքարը բացառիկ լարված ստացվեց: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ միայն վերջին խաղն էր տալու գլխավոր հարցի պատասխանը, ու այն որոշվելու էր երկու հիմնական մրցակիցների՝ Մադրիդի «Աթլետիկոյի» ու «Բարսելոնի» միջև: Ընդ որում, չեմպիոն դառնալու համար կատալոնցիներին պետք էր բացառապես հաղթանակ, իսկ Սիմեոնեի սաներին բավարարում էր նաև ոչ-ոքին: Առաջ անցնելով ասենք, որ «Աթլետիկոն» լուծեց իր առջև դրված խնդիրը: Ոչ-ոքի՝ 1:1 խաղալով մրցակցի հետ, մադրիդցիները տասնութ տարվա ընդմիջումից հետո դարձան երկրի չեմպիոն:
Ասել, թե խաղի այսպիսի արդյունքն անակնկալ չէր, սուտ կլինի, որովհետև դժվար էր պատկերացնել, որ սեփական հարկի տակ կատալոնցիները չեն փորձի մեղմել այս մրցաշրջանում թողած տխուր տպավորությունը ու գոնե մեկ ճակատում դուրս կգան հաղթանակած: Ավաղ, Տատա Մարտինոն թաղեց նաև այդ վերջին ակնկալիքը, ու թերևս միակ լուսավոր բանն այն է, որ խաղից անմիջապես հետո նա պաշտոնապես հայտարարեց թիմից հեռանալու մասին: Ինչ վերաբերում է «Աթլետիկոյին», համենայն դեպս, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այն ճակատ կտա իսպանական ու համաշխարհային ֆուտբոլի երկու գրանդ ակումբներին: Սակայն արի ու տես, որ թիմը հաջողեց ու փայլուն հաջողեց: Իսկ եթե այնպես լինի, որ Սիմեոնեի սաները հաղթեն նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում, ապա… Էլ ի՞նչ ապա. դա կլինի պարզապես ֆանտաստիկա:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ